воскресенье, 15 марта 2015 г.

«Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - յա՛րն եմ սիրում։


Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում» տաղի «արևահամ բառի»
 ակունքը Հովահննես ավետարանն է, որն սկսվում է «Ի սկզբանե էր Բանն, և բանն էր առ Աստված, և Աստված էր Բանն»: Բան` այսինքն խոսք. Աստված խոսք է: Պետք է «բառ» լիներ, որպեսզի գեղարվեստական պատկերը ներքուստ զարգանալով հասներ ողբաձայն երգի, երկաթագիր գրքի, Նարեկացու ու Քուչակի:
 Այս տաղի հետ ծանոթանալուց հետո անհրաժեշտ է ընդհանուր պատկերացում ունենալ բանաստեղծական այն շարքի մասին, որի մեջ զետեղված է տաղը: Շարքը  կոչվում է  «Տաղարան»: Գրել է 1920-1921 թվականներին: Այս շարքի մեջ Չարենցը ստեղծագործաբար օգտագործել է միջնադարի վերջին մեծ բանաստեղծ Սայաթ-Նովայի ոճը: Այսինքն` Սայաթ-Նովայի բառապաշարով և ձևով ոճավորել է իր խոսքը:
Երբ մի գրող գեղարվեստորեն յուրացնում ու կիրառում է մեկ յալ գրողի ստեղծագործության ձևի, տաղաչափության, բառապաշարի բնորոշ կողմերը, կոչվում է ոճավորում:  
 Չարենցի շարքը բաղկացած է 20 տաղից: Տաղը միջնադարյան բանաստեղծության ընդհանուր բնորոշումն է, որ այստեղ ստացել է Սայաթ-Նովային բնորոշ աշուղական ձև:
 Շարքի 1-18-րդ տաղերն ունեն սիրային բովանդակություն:Չարենցը երգում է գոզալի կերպարանքով հարություն առած իր բարձր սերը, որն այդպես էլ մնում է անհասանելի: Վերջին երկու տաղերն ունեն հայրենասիրական բովանդակություն: Կնոջ անմատչելի սիրուց նա հասնում է հայրենիքի անփոխարինելի ու բացառիկ սիրուն:  
 

Комментариев нет:

Отправить комментарий