воскресенье, 15 марта 2015 г.

Եղիշե Չարենց «Մորս համար գազել»

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, – երբ խաբվել է սիրուց –
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, – օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…



1920 թվականին Չարենցը մտադիր էր գրել գազելների գիրք, բայց գրածները ոչնչացնում է` պատճառաբանելով, թե գազելի ժամանակ չէ, և թողնում է միայն այս մեկը:
 Գազելը  բանաստեղծության կայուն ձև է, կազմված է երկտողանի տներից և կրկնվող կիսատողերից, որոնք իրար են հաջորդում 1-ին և 2-րդ տողերում, հետո հանդիպում են մնացած բոլոր տների զույգտողերում, այստեղ` 4,6,8,10,12,14,16: Այստեղ կրկնվում է միայն «մայր իմ անուշ ու անգին» կիսատողը և մի յուրահատուկ իմաստ ու տրամադրություն հաղորդում ամբողջ բանաստեղծությանը:
  

Комментариев нет:

Отправить комментарий