воскресенье, 1 марта 2015 г.

Նամակներ

                                                       Նվարդ Թումանյանին

                                                          Պետերբուրգ-Թիֆլիս
1912թ. մարտ


                                                               Նունիկ ջան

Գալիս ենք:Բայց  երևի դուէ հետաքրքրվում եք թե ինչեր են պաըահում մեզ հետ:Մի որկու բան ասեմ:Մի քանի մասնավոր տեղեր գնացել ենք հրավերքների- թե հայերի մոտ, թե ռուսների: Շատ լավ մարդիկ են:Ծանոթացա ռուս նկարիչների և մի երկու բանաստեղծների հետ: Նկարեցին Աշխենին ու ինձ:Ութ նկարիչ նստած նկարում էին Աշխենին:Երկուսինը հաջող դուրս եկավ. մինը մեզ էր նվիրելու: Հրավիրեցին այստեղի գաղութի մանկական ցերեկույթին: Մի երեխա առաջ եկավ իրեն նման պստլիկ մի ճառ ասավ ինձ  ու ծաղիկներ տվեց, իհարկե ես էլ համբյուրներով ընդունեցի:
 Ներկայացրին <<Շունն ու կատուն>>. հետո շարքով մի խումբ երեխաներ եկան ինձ- համբուրվեցինք ծափերի տակ:Հրավիրեցին այստեղի գաղութի կրուժոկը- ընթրիքով պատվեցին:Բայց ամենից լավն էր, որ երեկ գիշեր հայոց պատմության ֆոնդի ժողովն ունեցանք-ընտրվեց հանձնաժողով  և գործն, ինձ թվում է, արդեն ունեցավ սկիզբը և կերթա:
 Ժողովից հետո ընթրիք ունեցանք. առ.ժ.4-ին ենք տուն վերադարձել: Աշխենն ու Գիգան քնած են, իսկ իմ գլուխը ցավում է:
 Մուշեղն եկավ, քնածները վեր կացան, թեյ խմեցինք, նախաճաշեցինք, և մըածում ենք էսօր, կիրակի, ամսի 8-ին կամ վաղը երկուշաբթի դուրս գանք Մոսկվա:Եթե ուզեք Մոսկվա հեռագրել - Ծատուրյանին գրեք, կհասցնի:
 Նամակիս շարունակությունը մնաց- գլուխս ցավում է:Բարևներ բոլոր մոտիկներին ու ծանոթներին:
Համբույրներ քեզ և ամենիդ:


Հայրիկիդ







ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆԻՆ
 
Թիֆլիս―Կամենեց-Պոդոլսկ
Մայիսի 8-ին 90 թ., Տփխիս
Սիրելիդ իմ Անուշավան,
Երկու նամակդ էլ ստացա. ուրախ եմ, որ առողջությամբ տեղ ես հասել և գործը հաջողություն է խոստանում։ Վերջին նամակիդ մի քանի խոսքը մի տենչալի մխիթարանք ազդեցին սրտիս և հոգուս. այդ խոսքերը քո դրության ավետաբեր էին, ես սպասում էի քեզանից և այժմ ուրախ եմ և հուսադրված։
«Նոր դարը» կստանաս։ Ղանագյոզը արձակված է «Նոր դարի» խմբագրատանից և դատապարտված ոչ մի լրագրի չմասնակցելու, չաշխատակցելու. այս բոլորը ցենզորի հետ տեղի ունեցած մի վեճի առթիվ։
Նամակս այս մի քանի օրը դիտմամբ ուշացրի, որ Արծրունու հոբելյանից քեզ տեղեկություն գրեմ. այժմ չգիտեմ ինչ գրեմ, երբ արդեն կատարված է։ Իրավն ասած, անշուք էր և բռնի, ստոր միջոցներով սարքած բան, որ պատիվ չէր բերում հոբելյարին։ «Արձագանքն» ու «Նոր դարը» բավականին վնասեցին, իսկ «Մուրճն» ուղերձ ուղարկեց, ես էլ ի պատիվ նրան տրված ներկայացմանը հուշարար էի. է՛հ, փա՜ռք Աստծո, հուշարար էլ դարձա. դերասան խո արդեն...
Սերգոն (քրոջդ որդին) մի քանի անգամ եկավ, հետո՝ թե մի խումբ ընկերներ քննության համար ջոկ պատրաստվում ենք, ասացի որ դժվար ժամանակները գան. փոխելու հույս կա. տանըցիք այստեղ են։
Ճանապարհորդական տպավորություններդ, որպես խոստացել ես, գրիր, սպասում եմ։ Բանաստեղծություններս պատրաստում եմ տպագրելու. ասել մեր լուսահոգի Խչատուրը— խու ձու չեմ, որ կոտրվեմ...
Մեր ազգային-եկեղեցական շաշիցը, չէ՛ ներողություն, լրբիցը՝ Եղիշեիցը, այսօր նամակ ստացա, գրում է թե գրքեր  ու դեղեր ուղարկիր, գրքերը հլա ուղարկեցի, իսկ դեղերի համար գրեցի, թե «Մարդ ո՛չ միայն դեղիւ կեցցէ, այլ բանիւ աստուծոյ»։
Մեր մամուլից ուրիշ ինչ գրեմ, օրեցօր անգույն ու անհոտ բաներ են դուրս գալիս, մի քանիսն էլ սպառնում են, որ շուտով կհրատարակեն... և այլն։
Մի ժամ առաջ (ժամը 11-ն է) լուսամուտից նայում էի երկնքին, մի վառ աստղի, և մտքիս մեջ ասում, արդյոք դուն է՞լ էս նույն ժամին նույն աստղին նայում...
Փայլուն աստղիկ երկնադիտակ,
Դուն, որ տեսնում ես ամեն բան,
Սառն հյուսիսի երկնքի տակ
Ունիմ ընկեր, տեսնում ե՞ս նրան...
Սա էլ ինձ պես
Նայո՞ւմ է քեզ...
Բարևում են... Ստեփանին բարևիր։
Քո Հովհաննես Թումանյան 







Արտավազդ Թումանյանին 

Թիֆլիս-Մոսկվա
  1913թ. դեկտեմբեր



Արտիկ ջան 


Տեսնում ես էլի վռազ քեզ նամամ եմ գրում: Դէ դու միշտ գրում էիր, մերոնք էլ գրում են-փողդ էլ ժամանակին ստանում ես: Էլ ինչ գրեի:Պետք է մի քանի Պոլոնիուսի խրատներ գրեի քեզ -և կարծեմ հարկավոր է:Հարկավոր է միշտ հիշես, որ գնացել ես բան սովորելու և պետք է լուրջ սովորես, ժամանակդ զուր չըկորցնես, աշխատես լինել  զարգացած մարդ և, եթե մի կոչում ունես, կոչմանդ գագաթին հասնես:Բայց միշտ և ամենից առաջ առողջ, առողջ և առողջ:Հիվանդ մարդը, տկար ու թույլ մարդը, ինչ ուզում է սովորի- դատարկ բան է. ոչ ինքը կըզգա իր ապրել, ոչ էլ ուրիշ բանի կյանք կըտա"
 Առողջ հոգով ու մարմնով և ժամանակի գիտությունով ու լուսավորությունով ճոխացած- ահա թե որն է մարդը: Եվ դու կարող ես լինել: Ոչ մի  բան քեզ չի պակսիլ:Վճռիր ու աշխատիր լինել կատարյալ մարդ:
 Ես էլ այժմ աշխատում եմ իքատակի հողերից մի մասը ձեռք բերել, ու վերջապես հաստատ հող ունենանք մեր հայրենիքում:
 Մեր գրական երեկույթներն էլ շատ լավ են գնում:Դահլիճը մեծացրել են, ավելի լավ ու մեծ բեմ են շինել և ժողովուրդը միշտ էնպես է լիքը, որ նստելու տեղ չի լինում:
 Ես էլ պարապում եմ կամաց-կամաց: Գրիմմ եղբայրների հեքիաթները հանձնարարել են թարգմանելու:
 Նվարդի հետ գրում եմ, որ գնաք Համբարձում Թումանյանի տունը, նրանց հետ ծանոթանալու:Շատ լավ մարդիկ են և իմ լավ բարեկամները:Լավ կըլինի, որ երբեմն-երբեմն գնաս-գաս:Եվ շատ ուրախ կըլինեմ, որ թե նրանց մոտ- թե ուրիշների, քեզ ճանաչեն որպես անկեզծ ազնիվ և կրթված մարդու:
 Մանկական հեքիաթների մասին Նվարդին ասել եմ, քեզ հետ կխոսի:Մենք ամենքս լավ ենք: Երեխաները Սայաթ-Նովա են երգում: Տելեֆոն էլ հո գիտես ունենք:Քեզ լավ պահիր: 

Համբույրներով 
Հայրիկդ  

Комментариев нет:

Отправить комментарий