воскресенье, 13 декабря 2015 г.

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյանը մեր հասարակական, քաղաքական, գեղարվեստի հրապարակում սպասված, սպասվող մարդ էր, նա նա էր՝ ում մենք սպասում էինք, և նրա անժամանակ կորուստը իսկապես կորուստ էր մեր ազգային ու ողջ համախորհրդային հրապարակից:
Մուշեղ Գալշոյանը նույն ինքը Մուշեղ Մանուկյանը ծնվել է Հայաստանի Թալինի շրջանում (1933-1980) թթ:
Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։ Սուր դիտողականությամբ, չափի նուրբ զգացումով, նա պատմում էր իր հերոսների մասին, առանց պաթոսի, առանց մանրամասն նկարագրությունների, բայց ստեղծում էր գունեղ, տեսանելի կերպարներ:
Գալշոյանի պատմվածքների ժողովածուն կոչվում է «Մարութա սարի ամպերը»: Մարոթա սարը Սասնա լեռներից է, Սասնա յուրատեսակ խորհրդանիշը: Այդ ժողովածուի հերոսները ևս սասունցի փախստականներ են` հավատարիմ Սասնա ավանդներին, սովորություններին, բարոյականությանը: Նրանք որոշ կողմերով նման են էպոսի հերոսներին, նրանց նման     կապված են իրենց երկրին և նրանց նման մի քիչ ծուռ են, կարող են այնպիսի բաներ անել,  որոնք անսովոր են թվում, բայց իրականում ազնիվ և միամիտ մարդիկ են:
Գալշոյանը հրաշալի գիտեր Սասունի բարբառը, գաղթական սասունցիների հոգեբանությունը, երազանքները և իր պատմվածքներում ստեղծեց սասունցիների տպավորիչ կերպարներ` հմտորեն օգտագործելով բարբառի հնարավորությունները:
Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին: Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ:Այս պատմվածքում Գալշոյանի խոսքը ճշգրիտ է, բայց հագեցած ներքին քնարականությամբ, հուզականությամբ։ Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում:

Աղբյուրներ`http://www.findarmenia.com/arm/culture/literature/mushegh-galshoyan

 https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B2_%D4%B3%D5%A1%D5%AC%D5%B7%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6